«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան եւ STR սպորտային ակումբն ամփոփել են անցած կիրակի Երեւանում տեղի ունեցած «BeeCross 2012» ավտոքրոսի հանրապետական մրցույթի արդյունքները:
Երեւանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձեւ մայրուղում միմյանց հետ մրցում էին 14 թիմ, իսկ մրցույթի ընթացքին հետեւում էին ավելի քան 2000 հանդիսատես Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Ավտոքրոսի մրցույթի հանձնաժողովը նախագահում էր ավտոմոբիլային սպորտի վաստակավոր վարպետ Միշա Սիրադեղյանը:
Համաձայն անվտանգության միջազգային նորմերի մասնակիցները մրցույթին մասնակցում էին անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենաներով: Մասնակիցներից յուրաքանչյուրը հաղթանակի համար պայքարում էր օլիմպիական համակարգով` երեք անգամ անցնելով 1,3կմ երկարություն ունեցող մայրուղին: Հինգ ժամ պայքարից հետո հաղթողներրը որոշվեցին հետեւյալ կերպ. ավտոմեքենաների «А»դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 1,6 լիտր) Honda Civic Type-R մակնիշի մեքենայով առաջին տեղը գրավեց արհեստավարժ մարզիկ Անդրանիկ Հարությունյանը:
Ավտոմեքենաների «В»դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 2,0 լիտր) հաղթող է ճանաչվել արհեստավարժ վարորդ Արթուր Հարությունյանը, ով մասնակցել է մրցույթին ВАЗ 2105 մակնիշի մեքենայով: «С» դասում (շարժիչի ծավալը 2,0 լիտրից ավել) հաղթող ճանաչվեց վարորդ-սիրահար Արսեն Մանուկյանը, ով հանդես է եկել Subaru Impreza մակնիշի մեքենայով:
Մրցույթի բոլոր հաղթողները ստացել են նվերներ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի եւ միջոցառման գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության կողմից:
«Այս միջոցառման կազմակերպումն ու իրականացումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հավատարիմ մնալով իր սկզբունքին շարունակում է զարգացնել էքստրեմալ սպորտաձեւերը Հայաստանում: Երկարատեւ դադարից հետո մեզ հաջողվեց բարձր մակարդակի վրա կազմակերպել ավտոքրոսի մրցություն` ադրենալինի մեծ չափաբաժին պարգեւելով ոչ միայն մարզիկներին այլ բոլոր ներկա գտնվողներին», - նշել է Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
«BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթում` ավտոմեքենաների «А»դասում երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրել են երեւանաբնակ Արեգ Հակոբյանը եւ Ռոբերտ Առաքելյանը, ովքեր հանդես են եկել համապատասխանաբար «ՎԱԶ-2105» եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներով: Ավտոմեքենաների «В» դասում արծաթ եւ բրոնզ նվաճեցին Գուրգեն Սեֆիլյան եւ Կարեն Հարությունյան Peugeot եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներով: «С» դասի համապատասխան անվանակարգերը նվաճել եփն Անդրանիկ Հարությունյանը (Honda Civic Type-R) եւ Լյուդվիգ Երմազյանը (Jeep Wrangler):





























