Վուստերում (ԱՄՆ, Մասաչուսեթս) միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ նոյեմբերին քաղաքի հանրային գրադարանում ցուցահանդես կկազմակերպի: Այս մասին հաղորդում է «The Armenian Weekly»-ն: Հիշեցնենք, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակել է «Գրքի համաշխարհային մայրքաղաք»` ի պատիվ հայկական պատմության այս նշանակալից իրադարձության:

Ցուցադրությանը կներկայացվի Սահակի Պարթեւի  եւ Մեսրոպ Մաշտոցի կողմից   հայոց այբուբենի ստեղծման պատմությունը, ինչն արեւմտյան եւ քրիստոնեական գիտելիքները հասանելի դարձրեց Հայաստանում: Բացի այդ, կներկայացվի հայոց այբուբենը` տարբեր ոճերով, վաղ ձեռագրերի կրկնօրինակներ եւ հայ գրատպության զարգացումը: Նշենք, որ Նոր Աշխարհում Վուստերը հանդիսանում է այն վայրը, որտեղ  հաստատվել է առաջին հիմնական հայ համայնքը  եւ հիմնադրվել է հայկական եկեղեցի:

Հանձնաժողովը  նոյեմբերի 7-ին բացման կապակցությամբ հանդիսավոր ընդունելություն կկազմակերպի, որի ժամանակ «Տպագիր խոսքի ուժը. հաջողությունները եւ դժվարությունները, անցյալը եւ ներկան» անվամբ հայ գրատպությանը նվիրված դասընթաց կընթերցվի հայկական երկու թերթերի խմբագիրների` «The Armenian Mirror-Spectator»-ից Ալինա Գրիգորյանի եւ «The Armenian Weekly»-ից Խաչիկ Մուրադյանի կողմից: