Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նոր ղեկավար է դարձել «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Արչիլ Խաբաձեն: Այդ մասին  «Նովոստի Գռուզիային» հայտնել են Աջարիայի Գերագույն խորհրդի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արչիլ Խաբաձեի թեկնածությունն առաջարկել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին. Աջարիայի ԳԽ-ում 13 պատգամավորները միաձայն քվեարկել են այդ թեկնածության օգտին, ընդ որում`  «Միասնական ազգային շարժում» խմբակցության անդամները քվեարկությանը չեն մասնակցել:

Ըստ վրացական օրենսդրության՝ Ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուին ընտրում է երկրի նախագահը՝ Աջարիայի ԳԽ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության եւ Վրաստանի կառավարության համաձայնությամբ:  Թեկնածության հաստատման համար անհրաժեշտ են Աջարիայի ԳԽ-ի պատգամավորների մեծամասնության  ձայները:

Արչիլ Խաբաձեն ավարտել է Բաթումի պետական համալսարանի  ֆինանսաբանկային ֆակուլտետը, այնուհետեւ բանկային գործն ուսումնասիրել է Վրաստանի Ագրարային համալսարանում: 2006 թվականին նա նշանակվել է Cartu Bank-ի Բաթումի մասնաճյուղի վարկային բաժնի ղեկավար, իսկ ավելի ուշ՝ այդ մասնաճյուղի ղեկավար: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29-ին աշխատանքի է անցել Ինքնավարության Գերագույն խորհրդի նոր կազմը, որտեղ տեղերի մեծամասնությունն ստացել էր  Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան: Ըստ  ԱԻՀ-ի ԳԽ-ի ընտրությունների արդյունքների, որը տեղի էր ունեցել  Վրաստանի հոկտեմբերի 1-ի ընտրությունների հետ միաժամանակ,   Ինքանավարության խորհրդարանում ընտրվել են «Վրացական երազանքի» 13 ներկայացուցիչներ եւ միայն 8 պատգամավորներ Միխայիլ Սահակաշվիլիի  «Միասնական ազգային շարժումից»:

Հենց առաջին նիստին Աջարիայի ԳԽ-ի նախագահ է ընտրվել «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Ավթանդիլ Բերիձեն: Փոխխոսնակի եւ աջարական խորհրդարանի 5 մշտական հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները եւս զբաղեցրել են «Վրացական երազանքի» առաջադրյալները: Ինչպես հայտարարել էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արչիլ Խաբաձեն: