Նախորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Մեքսիկա կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել մի ուշագրավ դեպք, որը կարծես թե վրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից: Էդվարդ Նալբանդյանի` Մեքսիկայի դիվանագիտական ակադեմիայում ելույթի ընթացքում համապատասխան կառույցի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել «ադրբեջանցիները»: Ինչու չակերտների մեջ, քանի որ համաձայն ադրբեջանական աղբյուրների բողոքի ակցիային մասնակցել են Մեքսիկայի` ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, բայց իրականում…

Իրականում պատկերն առավել քան նողկալի էր ու նսեմացուցիչ նույնիսկ ադրբեջանցի ժողովրդի համար, քանզի նրանց անունից եւ նրանց փոխարեն «բողոքի ակցիայի» էին դուրս եկել շուրջ մեկ տասնյակ մեքսիկացի վարձկաններ, մարդիկ, ովքեր չէին էլ պատկերացնում թե որտեղ է Հայաստանը, կամ ինչ կապ ունի նրա հետ Ադրբեջանը:

Միաժամանակ ուրախալի էր տեսնել, որ Ադրբեջանի համայնքային ներուժը ռազմավարական գործընկեր հռչակված երկրում կազմում էին մի քանի Մեխիկոյի ֆայլաբազառի ալկոհոլիկ, թմրամոլ եւ 2-3 ընչազուրկներ, որոնք, ակցիայից հետո իրենց մոտեցած եւ հարց ուղղած հայ լրագրողին պատասխանել են, որ իրենց հավաքագրել են, տվել ցուցապաստառներ եւ վճարել դրանք վանկարկելու համար: Նրանցից մեկն անգամ նշել է, որ նման «բիզնեսով» զբաղվում է մշտապես եւ իր համար էական չէ, թե ում կամ ինչի դեմ պիտի «բողոքի»:   

Բողոքի ակցիայի մասին տեղեկատվությունը տեղ է գտել եւ լայնորեն լուսաբանվել ադրբեջանական մամուլում փորձելով ստվերել Հայաստանի արտգործնախարարի այցը: Իսկ շարքային ադրբեջանցին ոգեւորվել է` իմանալով, որ Մեքսիկայի նման հեռավոր երկրում անգամ իր ձայնը լսելի կարող է լինել, իսկ «սփյուռքի» հարցերով պետական կոմիտեի պահպանմանն ուղղված իր վճարած հարկերը «արդյունք» են տալիս:

Թվում է, թե մտահոգիչ է, սակայն իրականում ուրախալի, քանի որ «ինկուբատորի» կոնվեյեր հանված «ադրբեջանական սփյուռք» կոչեցյալն այնքան անտարբեր ու անկառավարելի է արտերկրում, որ մոբիլիզացիայի համար ադրբեջանական դեսպանատները ձեռքի տակ են պահում տեղացի «3 կոպեկանոց վարձու լացողների» առանձին հասցեագիրք:

Ի դեպ, սա Մեքսիկայի հետ կապված միակ ապատեղեկատվությունը չէ, որ տարածվել է ադրբեջանական մամուլում: Վերջերս, Բաքվում մոդայիկ է համարվում այլ երկրների նախկին պաշտոնյաներին, կամ նախկին պատգամավորների խմբերին ամենաբարձր մակարդակով ընդունելը եւ նրանց իրական զբաղվածության եւ պաշտոնի մասին կեղծ տեղեկատվությամբ հաղորդագրություններ տարածելը: Խոսքը, մասնավորապես Պորֆիրիո Մունյոզ Լեդոյի մասին է, որին Ալիեւը հոկտեմբերին ընդունել է որպես Մեքսիկայի ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ, այն դեպքում, երբ վերոնշյալ անձնավորությունը, որն ի դեպ Մեխիկոյի կոռուպցիոն սկանդալների մշտական հերոսներից է մի քանի ամիս առաջ դադարել է զբաղեցնել նշված պաշտոնն ու պատգամավորի աթոռը:

Վահան Ավետիսյան