Հայաստանի իշխանությունները, երկրի պետական մարմինները բավականաչափ ակտիվ  չեն արձագանքում Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական հուշարձանների ավերման փաստերին:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Թուրքիայում հայկական գերեզմանոցի ավերման մասին հաղորդագրությունը:

«Թուրքիայում ոչնչացվել եւ ոչնչացվում են համաշխարհային նշանակության հուշարձաններ, էլ ուր մնաց հայկական գերեզմանոցը: Եւ մի՞թե մեզ համար նման վերաբերմունքը նորություն է:  Մենք լուսնի՞ց ենք իջել», - նկատել է Սամվել Կարապետյանը:

Ըստ նրա՝ ավելի կարեւոր իրադարձությունը՝ հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի  ոչնչացումը  Հին Ջուղայում (Ադրբեջան), համարժեք արձագանք չի ստացել Հայաստանի իշխանությունների կողմից: «Այդպիսի բարբարոսական արարք է տեղի ունեցել, իսկ մենք գրեթե չենք պատասխանել», - նշել է փորձագետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, թուրքական Սիիրթ նահանգի Էրուխ շրջանում ճանապարհի կառուցման համար թույլատրվել է  քանդել հայկական գերեզմանոցը:  Մոտակայքում գտնվող հայկական եկեղեցին նույնպես ավերվել է:

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի /NEWS.am