Լեհաստանի ռազմական դատախազությունն, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսում հերքել է նախկինում տարածված այն լուրը, թե 2010 թվականի ապրիլին Սմոլենսկի մոտ երկրի նախագահ Լեհ Կաչինսկիի աղետի ենթարկված Տու-154 ինքնաթիռի բեկորներին պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել, հայտնում է rbc-ն: 

Այսօր ավելի վաղ լեհական «Rzeczpospolita» թերթը հայտնել էր, որ 2 շաբաթ առաջ լեհ փորձագետները Ռուսաստանից ինքնաթիռի բեկորների ուսումնասիրման սենսացիոն արդյունքներ են բերել. դրանց վրա տրոտիլի եւ նիտրոգլիցերինի հետքեր են հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ռազմական Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Իրենեուշ Շելյոնգը հայտարարել է, որ  այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: 

Չնայած դրան՝ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը  այդ կապակցությամբ խորհրդարանի արտահերթ նիստ, ինչպես նաեւ կառավարության հրաժարականն է պահանջել: 

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին միջազգային ավիացիոն կոմիտեն հրապարակել էր Սմոլենսկի մոտ աղետի ենթարկված Տու-154 ինքնաթիռի ավիավթարի  հետաքննության վերջնական զեկույցը, ըստ որի՝  վթարի պատճառ էր դարձել անձնակազմի ոչ բավականաչափ պատրաստվածությունը: