Շուտով Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը կունենա մշակույթի տուն` նախատեսված ԱԻ համակարգի աշխատակիցների երեխաների եւ թոռների գեղագիտական կրթության եւ ժամանցի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երեւանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքին կից, որտեղ վերջերս ավարտված հիմնանորոգումից հետո տեղակայվել է նաեւ ՓԾ Երեւանի փրկարարական վարչությունը, արդեն գրեթե պատրաստ է ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնը։

Այսօր մշակույթի նորակառույց տուն էր այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` ծանոթանալու շենքի վերանորոգման ու տարածքի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Մանրամասն ուսումնասիրելով կատարված լայնածավալ աշխատանքը` նախարար Ա. Երիցյանը հրահանգել է շուտափույթ սկսել շենքի կահավորումը: Մոտ ապագայում կլուծվի նաեւ շենքի ջեռուցման համակարգի խնդիրը, որպեսզի ԱԻՆ աշխատակիցներն իրենց երեխաների առողջության համար ապահով լինեն:

ՀՀ ԱԻՆ մշակույթի պալատի տնօրեն Կարինե Ոսկանյանն ասել է, որ 6 տարեկանից բարձր երեխաները բոլոր անհրաժեշտ պայմանները կունենան իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար: Երեխաների համար կբացվեն մի շարք օգտակար եւ հետաքրքիր ստեղծագործական խմբակներ: Մասնավորապես կգործեն վոկալի, նկարչության, տարբեր ոճի պարերի (լատինոամերիկյան, հիփ-հոփ, այլ ժամանակակից եւ տարբեր ազգերի ժողովրդական) եւ արվեստի այլ ճյուղերի խմբակներ: Մշակույթի կենտրոնում կանցկացվեն նաեւ վարսահարդարման, համակարգչային եւ առաջին բուժօգնության դասընթացներ: ՀՀ ԱԻՆ մշակույթի նոր տունը կբացվի նոյեմբերի վերջին: