Աջարիայի հայ համայնքը մեծ հույսեր է կապում ինքնավարության նոր կառավարության հետ՝ իր խնդիրների լուծման համատեքստում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Էդուարդ Մուսայելյանը՝ նկատելով, որ արդեն մեկ շաբաթից իրենք կդիմեն ինքնավարության Գերագույն Խորհրդին, որտեղ բացարձակ մեծամասնություն է ստացել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական դաշինքը:

Հայ համայնքին եւ Վրաստանի ողջ բնակչությանը հուզող հարցերի շարքում Մուսայելյանն առաջին հերթին նշեց աշխատատեղերի բացակայությունը, որը հանգեցնում է արտագաղթի. «Ինչո՞ւ երիտասարդությունը պետք է լքի երկիրը աշխատանքի բացակայության պատճառով: 20 հազար հայերից Բաթումիում մնացել է 10 հազար մարդ»: Բացի այդ, ըստ Մուսայելյանի, հայ համայնքը մտահոգված է Բաթումում առանձին հայկական դպրոցի բացակայության խնդրով (խորհրդային ժամանակներում անգամ երկուսն են եղել), թեպետ այժմ վրացական դպրոցներում կան հայկական դասարաններ: Նա նաեւ հույս է հայտնել, որ ներկայիս իշխանությունները կվերականգնեն Աջարիայի պետական հեռուստատեսությամբ ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումը, ինչպես եղել է նախկինում:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել է, որ Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նոր ղեկավար է դարձել «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Արչիլ Խաբաձեն: Հոկտեմբերի 29-ին աշխատանքի է անցել Ինքնավարության Գերագույն խորհրդի նոր կազմը, որտեղ տեղերի մեծամասնությունն ստացել էր  Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան: Ըստ  ԱԻՀ-ի ԳԽ-ի ընտրությունների արդյունքների, որը տեղի էր ունեցել  Վրաստանի հոկտեմբերի 1-ի ընտրությունների հետ միաժամանակ,   Ինքնավարության խորհրդարանում ընտրվել են «Վրացական երազանքի» 13 ներկայացուցիչներ եւ միայն 8 պատգամավորներ Միխայիլ Սահակաշվիլիի  «Միասնական ազգային շարժումից»: