Ադրբեջանի քարոզչական մեքենան ուռճացնում է իր արտադրած զինատեսակների տվյալները։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զինվորական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով  Ադրբեջանի իշխանությունների մտահղացումը, որոնք ցանկանում են Ինդոնեզիայում նախատեսվող ցուցահանդեսում ներկայացնել  պաշտպանական 125 զինատեսակ։

Փորձագետի խոսքերով, այդպիսի մեծ տեսականին ապահովվում է տարբեր դետալների ավելացման հաշվին. «Այսպես, Թուրքիան արտադրել է ինչ որ զինատեսակ։ Ադրբեջանը դրան ավելացնում է մի քանի աննշան  դետալներ, ու այսպիսով ստացվում է մի քանի «հարյուր» զինատեսակ»,- նշել է Գրիգորյանը։

Փորձագետն ավելացրեց, որ աշխարհում ամեն օր կազմակերպվում են զինատեսակների ցուցահանդեսներ, ու ադրբեջանական լրատվամիջոցների հիացմունքն ուղղակի ծիծաղելի է։

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր  ադրբեջանական «APA» գործակալությունը, Ադրբեջանի Պաշտպանության արդյունաբերության նախարարությունը պատրաստվում է Ինդոնեզիայում նախատեսվող «Indo Defence» ցուցահանդեսում ներկայացնել շուրջ 125 պաշտպանական զինատեսակ։