Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով հացադուլ է հայտարարել՝ բողոքելով Գերագույն ռադայի ընտրություններում կեղծիքների դեմ, հնարավոր է հարկադրաբար կերակրեն: Այս մասին հայտարարել է Պետական քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Լապինսկին:

Նրա խոսքով, նրան գործընթացի անհրաժեշտության մասին որոշումը պետք է կայացնեն բժիշկները՝ ելնելով բանտարկյալի առողջական վիճակից:

Լապինսկին նաեւ հայտնել է, որ ներկայումս Կաչանովյան գաղութի ղեկավարությունը փորձում է համոզել նախկին վարչապետին հրաժարվել հացադուլից:

«Նեկայումս նրա հետ զրույցներ են վարվում: Տիմոշենկոյի հետ խոսել է հաստատության պետը, իսկ հիմա խոսում է պետի տեղակալը: Այդ զրույցները բացատրական են, այն մասին, թե ինչ վնաս է Յուլյա Վլադիմիրովնայի արարքը»,-հավելել է Պետական քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ հացադուլի մասին Տիմոշենկոն հայտարարել է հոկտեմբերի 29-ի երեկոյան: Տիմոշենկոյի հայտարարությունը կարդացել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն, որտեղ նշվում է, որ Գերագույն ռադայի ընտրությունները «ամենա անարդարն էին անկախ Ուկրաինայի ողջ պատմության ընթացքում»:

Միաժամանակ, հացադուլի պատճառով Տիմոշենկոն չի կարողացել հոկտեմբերի 30-ին հանդիպել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Վալբուրգ Գաբսբուրգ Դուգլասի հետ: Ուկրաինայի պետական քրեակատարողական ծառայությունը չեղյալ է հայտարարել հանդիպումը՝ վկայակոչելով բժիշկների խորհուրդը: