Google-ը Սենդի փոթորիկի ճգնաժամային ինտրերակտիվ քարտեզ է ստեղծել, որում տեղակայվում է փոթորիկի ավերածությունների մասին ամենաթարմ տեղեկատվությունը՝ հոսանքազրկման, ճանապարհների փակման կամ տարհանման ուղիների տեղեկությունները։
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Superstorm Sandy 2012 քարտեզը ստեղծել է Google-ի ճգնաժամերով զբաղվող խումբը, որպեսզի ԱՄՆ արեւելյան ափի եւ Կանադայի բնակիչները կարողանան հետեւել փոթորիկի ուղղությանը, եւ դրանից հնարավորություն ունենան խուսափել։
Google նաեւ ավերված Նյու Յորքի քարտեզն է կազմել, որում նշվում է քաղաքում գործող գործակալություններից եւ կազմակերպություններից ստացվող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Կարիբյան ծովում առաջացած Սենդի փոթորիկը ԱՄՆ արեւելյան ափին է հասել երկուշաբթի։ Գիշերը փոթորիկը բազմաթիվ ջրհեղեղների եւ հրդեհների պատճառ է դարձել։ Վերջին տվյալներով 16 մարդ զոհվել է, եւ միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Փոթորիկը ներկայումս էլ շարունակում է ավերել ԱՄՆ հյուսիսարեւելյան նահանգները։





























