ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի հարուցած ավերածությունների (ֆոտոռեպորտաժ) զոհերի թիվը հասել է 38-ի, հաղորդում է Associated Press-ը:
Հատկապես ողբերգական է եղել միջադեպը Նյու Յորք նահանգի Վեսթչեսթեր շրջանում, որտեղ փոթորիկը ծառ է տապալել՝ սպանելով 11-ամյա Ջեկ Բալմերին եւ նրա հարեւանին՝ 13-ամյա Մայքլ Ռոբսոնին, որոնք խաղում էին տան բակում: Մեկ այլ դժբախտ դեպք էլ տեղի է ունեցել Մանհեթթենի 134-րդ փողոցում, որտեղ հոսանքալարերի անկման պատճառով մի կին է մահացել:
Աղետի կապակցությամբ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով կոչ է արել վտանգի գոտում գտնվող բոլոր նահանգների նահանգապետերին «անել ամեն ինչ, որ ռեսուրսներ ստանան եւ համոզվել, որ բոլորի կարիքները հոգացել են»:
Նյու Յորքի քաղաքապետարանը առաջին անգամ 39 տարում հայտարարել է, թե չեղյալ է հայտարարում չորեքշաբթի օրը նախանշված Հելոուինը:
Ինչպես նշում է Financial Times-ը, բացի մարդկային զոհերին, ԱՄՆ հյուսիս-արեւելքի ընկերություններն ու բնակիչները կորցնում են միլիարդավոր դոլարներ «Սենդի» փոթորկի պատճառով: Փոթորիկն արդեն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 7 մլն մարդու եւ հեղեղումներ հարուցել Ուոլլ-սթրիթում ու ներքին Մանհեթենի մեծ մասում: Նյու-Յորքի մետրոն կրել է ամենամեծ կորուստներն իր ողջ պատմության ընթացքում: Իսթ-Ռիվերի տակ մետրոյի 10 թունելներից 7-ը արդեն հեղեղվել են եւ, ըստ մասնագետների, դրանք մաքրելու համար առնվազն չորս օր կպահանջվի:
Շատ ձեռնարկություններ աշխատակիցներին խնդրել են աշխատել տանից, իսկ Ուոլլ-Սթրիթի շատ բանկեր խնդիրներ ունեն գործառնությունների հետ: Գոլդման Սաքսում որոշել են խնդրին հիմնովին մոտենալ, ավազով հարյուրավոր պարկեր են փռել կենտրոնակայանի մոտ: Առաջին անգամ իր աշխատանքը դադարեցրել է նաեւ Նյու Յորքի ֆոնդային բորսան:





























