Ռուս հայտնի թատերական ռեժիսոր, դերասան եւ մանկավարժ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Լյուբիմովը կոմայի մեջ է: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի ցերեկը` Մոսկվայի 23-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ նա գտնվում է արդեն 2 շաբաթ:
Բժիշկները հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ: Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի` չնայած բժիշկների ջանքերին, ռեժիսորը կոմայից դուրս չի գալիս:
Մեծ թատրոնը, որտեղ Լյուբիմովը պատրաստում էր «Իգոր իշխանը» օպերան, հետաձգել է փորձը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ռեժիսորը հիվանդանոց է տեղափոխվել սրտի կաթվածով: Դա տեղի էր ունեցել, երբ սեպտեմբերի 30-ին Լյուբիմովը տոնում էր 95-ամյակը:
1964թ. Յ. Լյուբիմովը հիմնադրել է Տագանկայի թատրոնը, երկար տարիներ եղել է դրա գեղարվեստական ղեկավարը եւ տնօրենը: 2011 թվականի ամռանը նա հեռացել է թատրոնի ղեկավարի պաշտոնից: Պատճառը դերասանների հետ հակասություններն են եղել, հայտնում է rbc-ն:
Հեռանալուց առաջ Յ. Լյուբիմովը աշխատանքից հեռացրել էր 15 դերասանի: Թատրոնի դերասանները ղեկավարին մեղադրել են անհարիր վարքի համար: Ըստ նրանց` վերջինս ենթականերին հեռացրել է վրեժ լուծելու նպատակով:




























