Ցուցարարները խանգարել են նոր կառավարության հաստատումը` ներխուժելով Համընդհանուր ազգային կոնգրեսի շենք:

Շուրջ 100 բողոքողներ ներխուժել են  կոնգրեսի շենք այն պահին, երբ Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի  առաջնորդ Մոհամեդ ալ Մագրիֆը պատգամավորներին կոչ է արել քվեարկել կառավարության նոր կազմի համար, հայտնում է Associated Press-ը:

Ցուցարարների խումբը գրեթե անարգել մտել է նիստերի դահլիճ: Մոհամեդ ալ Մագրիֆը համոզել է նրանց լքել շենքը, սակայն որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են եւ ստիպել խորհրդարանին հետաձգել քվեարկությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը, հայտնում է «lenta.ru»-ն:

Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսը 2012 թվականի հուլիսին եւ օգոստոսին ստանձնել էր քաղաքացիական պատերազմի ժամանակ ձեւավորված Անցումային ազգային կոնգրեսի լիազորությունները: Ներկայումս կոնգրեսն իրականացնում է խորհրդարանի գործառույթները եւ պետք է կազմի երկրի Սահմանադրությունը: 

Դրանից հետո Լիբիայում պետք է  տեղի ունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ժամանակավոր կառավարության նախագահն է «Ազգային ճակատի» առաջնորդ Մոհամեդ ալ Մագրիֆը: Համընդհանուր ազգային կոնգրեսը հոկտեմբերի 14-ին ընտրել էր նոր վարչապետի, որը նախկին դիվանագետ եւ իրավապաշտպան Ալի Զեյդանն է: