Վրաստանի նոր գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին խոստացել է կրկին քննել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները։

Հոկտեմբերի 30-ին պաշտոնն ստանձնած Քբիլաշվիլին նման հայտարարություն է արել «9-րդ ալիքի» եթերից, որը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին։

 «Կասկածներ կան, որ Զուրաբ Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածը հեռու է իրականությունից», - հայտարարել է նա։

Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ Ժվանիայի ընտանիքի անդամները եւ հանրության ներկայացուցիչներր երկար տարիներ հայտարարում են, որ չեն հավատում գազից թունավորվելու պաշտոնական վարկածին։ «Վարչապետի մահվան հանգամանքների կրկնակի հետաքննումը այն առաջնային գործերից կլինի, որը մոտ օրերս կսկսի քննել գլխավոր դատախազությունը», - նշել է նա։
Քբիլաշվիլին հիշեցրել է, որ Զուրաբ Ժվանիան 1995-2001թթ. եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

2003թ. նա Սահակաշվիլիի եւ Բուրջանաձեի հետ «վարդերի հեղափոխության» առաջնորդներից էր, իսկ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո գլխավորել է կառավարությունը։

 Հիշեցնենք, որ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների մասին Վրաստանում կրկին սկսեցին խոսել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան հաղթեց իշխող «Միասնական ազգային շարժմանը»։ Բոլորովին վերջերս Զուրաբի եղբայր Գեորգին հայտարարել էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2005թ. անձամբ է ղեկավարել իր եղբոր մահվան հանգամանքների բեմականացումը։

2005թ. փետրվարի 3-ին Զուրաբ Ժվանիային մահացած գտել էին Թբիլիսիի իր բնակարանում։ Նույն բնակարանում գտել էին նաեւ նրա ընկերոջ՝ Քվեմո-Քարթլի Յուսուպովի դիակը։ Պաշտոնական վարկածով՝ նրանք մահացել էին գազային թունավորումից։