«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայտարարել է, թե հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում տեղի ունեցած վթարի մեղավորը մեքենայի վարորդն է:
Նշենք, որ Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի: Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7մ: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է մեկ եւ տուժել են 4 մարդ:
«Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մեքենայի վարորդի անզգույշության պատճառով, ով երկաթուղային գխերը հատելիս հաշվի չի առել նախազգուշացնող նշանները, որոնք փաստել են հնարավոր մոտեցող գնացքի մասին:
Ընկերությունը հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջեւ, քանի որ դա կարող է ծանր հետեւանքների բերել: Հաճախ նույնիսկ հսկվող գծանցերում վարորդները արհամարհում են հերթապահների զգուշացումները եւ փորձում անցնել ուղեփակոցը՝ գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջեւից:
Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է երկաթուղային անցումների հագեցման եւ վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում անցումների խախտումները եւ թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:
Երկաթուղային տրանսպորտը, ինչպես եւ ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղեւորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե'ք ուշադիր եւ հիշե'ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլեւ ուղեւորների կյանքն ու առողջությունը»,- պնդել է ՀԿԵ-ն:




























