Ռուսաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենը նշանավոր հաղորդավար Վլադիմիր Պոզներին աշխատանքից հեռացնելու խնդրանքով նամակ է ստացել: Նամակի հեղինակը Խորհրդարանի «Միասնական Ռուսաստան»-ի պատգամավոր Իլյա Կոստունովն է:

«Իմ կարծիքով, նշանավոր  հեռուստալրագրող, երեք երկրների քաղաքացի Վլադիմիր Պոզները հերթական անգամ փորձում է «ջանադրաբար ապացուցել եւ ցուցադրել» իր կարծիքը Ռուսաստանի Դաշնության մասին. Նրա կարծիքով «երկրում ոչ մի արդարադատություն չկա», նա կարծում է, որ Քննչական կոմիտեն ցուցումներ է կորզում այն նույն ճանապարհով, ինչպես որ վատ տարիներին էր արվում»,-ասվում է Կոստունովի նամակում, որը մեջբերում է «Իզվեստիա» թերթը:

Պատգամավորը կարծում է, որ հաղորդավարը պետք է կամ ապացուցի Քննչական մարմնի հասցեին հնչեցված  իր մեղադրանքների իրավասությունը, կամ ներողություն խնդրի եւ հեռանա «Առաջին ալիքից»: Կոստունովի կարծիքը կիսում է նաեւ պետդումայի փոխխոսնակ «Միասնական Ռուսաստանի» պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը: «Առաջին ալիքի» մամուլի ծառայությունից «Իզվեստիային» հայտնել են, որ դեռեւս նամակ չեն ստացել, այդ պատճառով չեն կարող մեկնաբանել իրավիճակը:

Ինչպես նախկինում հայտնել է NEWS.am-ը, նշանավոր ռուս լրագրող Վլադիմիր Պոզներն իր հեղինակային հաղորդման ժամանակ ոչ երկիմաստ կերպով հայտարարություն է արել  ընդդիմադիր գործիչ Ռազվոզժաեւի խոստովանական ցուցմունքի կապակցությամբ, ինչի մասին հայտնել էր Քննչական կոմիտեի  նախագահ Վլադիմիր Մարկինը: Հաղորդման հեռարձակումից հետո  բլոգերները կռահում են, թե որքան երկար կմնա Պոզները Առաջին ալիքի եթերում:

«Պարոն Մարկինը ասել է, որ հավատում է միայն փաստերին, եւ որ ինքը` Ռազվոզժաեւը սեփական ձեռքով գրել է 10 էջ խոստովանություն: Նմանների ձեռքով գրված խոստովանություններ ՊԱԿ-ի արխիվում  100 հազարներով են պահվում: Հայտնի է, թե ինչպես են կորզվում այդ խոստովանությունները»,-հայտնել է Պոզները կիրակնօրյա իր հաղորդման ժամանակ, ինչից հետո հարց է տվել. «Եթե նման մեթոդներ գործադրվեին Մարկինի նկատմամբ, նա 10 էջ խոստովանություն չէ՞ր գրի»: