Պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը 2013 թ. նախատեսվել են 62.5 մլրդ դրամի չափով, ինչը 7.7%-ով գերազանցում է 2012 թ. մակարդակը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերը վերջին 5 տարում ՀՆԱ-ում կրճատվել են: Այսպես՝ 2009 թ.՝ պետական ապարատի պահպանման ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1.64 %-ը, 2010 թ,՝ 1.51 %-ը, 2011 թ.՝ 1.47%-ը, 2013 թ. 1.38 %-ը:
Պետական ապարատի պահպանման համար ծախսվում է բյուջեի ընդհանուր ծախսերի 5.35%-ը, միջազգային փորձում՝ այն հասնում է մինչեւ 10%: Պետական կառավարման պահպանման ծախսերի 98%-ը ընթացիկ ծախսերն են, 65%-ը՝ աշխատավարձային:
Պետական ապարատի պահպանման ծախսերում աշխատավարձի հոդվածը 39 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5.7 մլրդ դրամով: Հավելաճից 4.9 մլրդ դրամը բխում է եկամտային հարկի մասին նոր օրենքից: Ըստ Պ. Սաֆարյանի՝ այդ 4.9 մլրդ դրամից 650 մլն դրամը աշխատավարձի բնականոն աճն է՝ պայմանավորված քաղծառայողների ստաժի հետ: Եւս 328 մլն դրամ պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով՝ սննդի անվտանգության տեսչությունում լրացուցիչ հաստիքներ, մարզպետարաններում 4 հոգանոց աուդիտական բաժիններ:
Պետական կառավարման ապարատում ավելացել է 222 հաստիք՝ կազմելով ընդհանուր առմամբ 17.1 հազ.:
Ի տարբերություն աշխատավարձային ֆոնդի՝ պետական ապարատի պահպանման այլ հոդվածներ կրճատվել են: Այսպես՝ 22%-ով կրճատվել են կոմունալ ծառայությունների հատկացումները:
Գործողումների եւ շրջագայությունների ծախսերն աճել են մոտ 3%-ով եւ կազմում են մոտ 3 մլրդ դրամ:





























