Քալիֆորնիական Գլենդել, Փասադինա, Բըրբանք քաղաքների 5 բնակիչներ հոկտեբերի 29-ին չեն ընդունել իրենց ներկայացված դաշնային մեղադրանքն առ այն, որ խաղատներում կանխիկ դրամ ստանալու տերմինալներն օգտագործել են «Սիթիբանկից» ավելի քան 1 մլն դոլար գողանալու համար:
Ինչպես հայտնում է «Glendale News-Press»-ը, Փասադինայի բնակիչ 33-ամյա Ասատուր Ասատրյանը եւ Գլենդելի բնակիչներ 30-ամյա Արա Հարությունյանը, 24-ամյա Արթուր Հարությունյանը, 59-ամյա Սերյոժա Հարությունյանը, 53-ամյա Հիլդա Հախվերդյանը այն 14 մեղադրյալների շարքում են, որոնց բանկային « Առեւանգել 60 վայրկյանում» անունն ստացած մեքենայությունների մեղադրանք է ներկայացվել:
Համաձայն մեղադրական ակտի, որն ուրբաթ օրը բացվել էր ԱՄՆ-ի շրջանային դատարանում, սխեմայի ենթադրյալ մտահղացող, Ֆիլմորի բնակիչ 29-ամյա Արա Քեշիշյանը համախոհներ է հավաքել, որպեսզի «Սիթիբանկում» հաշիվներ բացեն իրենց անուններով: Քեշիշյանը ենթադրաբար մեղադրյալներին նախնական կապիտալ է հատկացրել` 9 - 10 հազարական դոլար` հաշիվներին փոխանցելու համար: Գումարի փոխանցումից հետո նրանք այցելել են Նեւադայի եւ Հարավային Քալիֆորնիայի խաղատներ`«Սիթիբանկի» քարտերը տերմինալներից գումար հանելու համար օգտագործելով:
Նրանք ենթադրաբար օգտագործել են «Սիթիբանկի» հաշիվների անվտանգության սողանցքը, «որը պահանջում էր 60 վայրկյանի ընթացքում մի քանի անգամ կանխիկի ստացում»: Տեղի է ունեցել կանխիկի ստացման նույնական, գրեթե համաժամանակյա գործողություն», ինչը, ենթադրաբար թույլ է տվել հաշվի վրա եղածից ավելի մեծ գումար հանել: Քեշիշյանը, ենթադրաբար, մեղադրյալներին մեքենայական եկամուտներից մասնաբաժին է հատկացրել 2009թ. մայիսին սկսված եւ 2010թ. հունվարին ավարտված սխեմային մասնակցելու համար:
Ասատրյանին եւ Գլենդելի բնակիչներին բանկային մեքենայության նպատակով պայմանավորվածության եւ ապօրինի գործողությունների մեղադրանք է ներկայացվել: Նրանց մինչեւ հինգ տարի ազատազրկում եւ 250 հազար դոլարի տուգանք է սպառնում:
Բըրբանքի 37-ամյա բնակիչ Սարգիս Մուշիդյանը եւս իր մեղքը չի ընդունել: Նա 20 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, նրան հրամայվել է հանձնել անձնագիրը: Մեղադրական եզրակացությունում սահմանված է, որ 2009թ. Մուշիդյանը «Սիթիբանկի» 2 հաշիվներից հնգական անգամ 9850 եւ 9350 դոլար է հաել Լաս Վեգասի խաղատան տերմինալներից:
Սպասվում է, որ մեղադրյալները ԱՄՆ-ի Սան Դիեգոյի դատարանի առջեւ կկանգնեն հաջորդ ամիս:




























