Պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում հարցերի հերթական տարափն ուղղեց կառավարությանը, որոնք այդպես էլ անպատասխան մնացին: Ըստ Հ. Բագրատյանի՝ պետական բյուջեի եկամուտները 2013 թ. համարյա չեն ավելացել, եթե հաշվի չառնենք գնաճն ու տնտեսական աճը: Այնինչ դեֆիցիտը զգալիորեն կրճատվում է, փոխանակ սոցիալական ու այլ հարցեր կարգավորելու: «Ես ինքս մեծ դեֆիցիտի կողմնակից չեմ, բայց կարծես դեֆիցիտի կրւճատման չեմպիոն լինենք, չգիտեմ ում ենք լսում; Մեկ տարվա ընթացքում ուզում ենք դեֆիցիտը զրոյացնել, մի՞թե դա ընդունելի է»,- ասաց Հ. Բագրատյանը;

Այս հարցադրումներն առաջացրին նիստին ներկա կառավարության ներկայացուցիչների քմծիծաղն ու արհամարհանքը, իսկ Պ. Սաֆարյանն ասաց, որ շատ հաճելի է Հ. Բագրատյանի հետ բանավիճել, սակայն խուսափեց պատասխաններից: Պ. Սաֆարյանը խոստացավ Բագրատյանի հարցերին ադրադառնալ այլ նիստերում, քանի որ այսօր ըստ գրաֆիկի քննարկվում է պետական ապարատի պահպանումը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am