Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանում քոլեջի 16-ամյա ուսանողը սեփական առեւանգումն է կազմակերպել` սեփական ծնողներից փող կորզելու նպատակով: Հոկտեմբերի 30-ին առավոտյան նա քոլեջ է գնացել, սակայն տեղ չի հասել: Ծնողներն ահազանգել են, երբ հաղորդագրություն են ստացել այն մասին, որ նրանց որդին անհետացել է, եւ որի վերադարձի համար երկու օրում անհրաժեշտ է հավաքել եւ վճարել 100 հազար ռուբլի: Անհայտները խորհուրդ են տվել ոստիկանություն չդիմել, հակառակ դեպքում սպառնացել են սպանել դեռահասին:
Այնուհանդերձ ծնողները դիմել են իրավապահ մարմիններին` հայտնեով որդու առեւանգման մասին: Այնտեղ պարզվել է, որ բաժանորդը, ով ուղարկել է հաղորդագրությունը, գտնվում է Վոլժսկու տարածքի ամառանոցային շրջանում: Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հեռախոսը իսկապես պատկանել է դեռահասին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Իսկ երբ այնտեղ են ժամանել ոստիկանները, անհետացածը հայտնաբերվել է ողջ եւ առողջ: Պարզվել է, որ դասերի փոխարեն ամառանոցում նա ժամանակ էր անցկացնում ընկերների հետ: Իչպես հայտնում է Վոլգոգրադի շրջանի քննչական վարչությունից, պարզվել է, որ սեփական «առեւանգումը» դեռահասը կազմակերպել է ծնողներից փրկագին ստանալու նպատակով:




























