Հայաստանում սիբիրախտը համաճարակային բնույթ չի կրում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը:
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում սիբիրախտի բռնկումներին, նա նշեց, որ կասկածվող դեպքերից մեկն իրոք հաստատվել էր, երբ սիբիրախտի ախտանիշներով հիվանդանոց էր տեղափոխվել մեկ բնակիչ. « Սիբիրխտն արտահայտվում է մաշկային, թոքային, աղիքային, սեպտիկ ձեւերով: Մարդկանց մոտ նկատվել է մաշկային ձեւը, որը վտանգավոր չէ ու ենթակա է արագ բուժման: Ամեն տարի գյուղատնտեսության նախարարությունը կենդանիների պատվաստումներ է իրականացնում: Այս տարի` մայիսին, նման պատվաստում իրականացվել էր, սակայն կենդանիների մոտ զարգացել էր 2 հարուցիչ, ուստի իմունային համակարգի թուլացման հետեւանքով որոշ կենդանիներ վարակվել էին սիբիրախտով»,- ասաց Բաղյանը:
Հարցին` թե ներկայումս ինչպիսին է իրավիճակը, անասնաբույժը նշեց, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, կատարվել է կրկնակի պատվաստում, հաստատվել կարանտին ու անասունների մորթը կթույլատրվի միայն կարանտինի ավարտից ու կրկնակի լաբորատոր ուսումնասիրությունից հետո. « Իսկ ինչ վերաբերվում է մայիսյան պատվաստումների ընթացքում տեղ գտած թերացումներին, ապա քրեական գործ է հարուցված ու մեղավորները կպատժվեն»,-հավաստիացրեց փոխնախարարը:
Վերջում Բաղյանը ավելացրեց, որ մսամթերքի իրացման բոլոր կետերում սահմանված է վերահսկողություն, միսն ամեն օր ստուգվում, իսկ կասկածի դեպքում կատարվում է լաբորատոր հետազոտություն, ու բնակչությունն այդ առումով կարող է չանհանգստանալ:





























