Ամուսնության համար լավագույն տարիք սահմանելը հոգեբանական տեսանկյունից կարեւոր չէ, կարեւորը անձի կայացած լինելն է, հոգեբանորեն հասուն լինելը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մայրության կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար` Աննա Բադալյանը:

«Տարիքը առանցքային չէ, կարեւորն այն է, որ անձը հոգեբանորեն հասուն լինի, կայացած լինի, ունենա պարտքի եւ պատասխանատվության զգացում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝  20-24 տարեկան հայ տղան եւ աղջիկը գիտակցում է իր կատարելիք քայլի պատասխանատվությունը, եւ եթե նա սոցիալականացված անհատ է, ունի դիրք հասարակության մեջ, հետեւաբար՝ ընտանիք ստեղծելու հավանականությունը ավելի հստակ է լինում իր մոտ, քան 17 տարեկանի մոտ:  «Սոցիալական ստատուս ունենալը օգնում է երեխային ճիշտ դաստիարակելուն:  Առհասարակ, ամուսնալուծվելու պատճառներից գլխավորը հենց կնոջ եւ տղամարդու չկայացած լինելն է»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝  մանկաբարձ-գինեկոլոգ  Էդուարդ Համբարձումյանը, նշեց, որ ամուսնության եւ երեխա ունենալու համար լավագույն տարիքը 20-30 տարեկանն է, օրինակ՝ ՝ 24-25տ:

«20-30 տարեկանում կնոջ օրգանիզմը ֆիզիոլոգապես պատրաստ է առողջ օրգանիզմ ունենալ, 18-20-ի դեպքում էլ է հնարավոր, բայց այստեղ անպտղության տոկոսը ավելի բարձր է, դրանից հետո այն նվազում է, բայց 30 տարեկանից հետո բարդություններ են առաջանում»,- ասաց նա: Բժշկի խոսքով՝ ամուսնությունը շատ պետք չի հետաձգել, քանի որ ուշ տարիքում վերարտադրողականության հետ խնդիրներ են լինում, եւ նույնիսկ բժշկությունը կարող է անզոր լինել: «Ծնելիության ցուցանիշը Հայաստանում բարձրացել է, իսկ անպտղության տոկոսը շարունակում է բարձր մնալ, ինչի դեմ պայքարում ենք: Հայաստանում ամեն 6-7-րդ զույգը երեխա ունենալու խնդիր ունի, սա պետական  կարեւորություն ունեցող խնդիր է»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Աղջիկների եւ տղաների համար 18-ը՝ որպես ամուսնական միասնական տարիք սահմանելու Կառավարության նախաձեռնությունը նա դրական գնահատեց՝ նշելով, որ երկրների մեծ մասում դա ընդունված է:

Նշենք, որ  Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար պետք է սահմանել միեւնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի հաստատմանն է ներկայացրել Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան օրինագիծ: Ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը:

Արդարադատության նախարարությունն այս առաջարկը պայմանավորում է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային անհավասարությունը վերացնելու անհրաժեշտությամբ: