Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին հայկական է, ինչը վկայում են եկեղեցու տեղում գտնված արձագրությունները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայկական Ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը` ներկայացնելով Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցուն նվիրված գրքը:

Նրա խոսքով, 1830թ-ից վրաց իրականության մեջ լույս են տեսել նյութեր, որոնց մեջ առանց պատմական հիմնավորման կարծիք է հայտնվել, թե հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որը 1703-ին է հիմնադրվել, 17  տարվա ընթացքում կառուցվել,  իսկ 60 տարի անց գմբեթն է ամբողջացվել, կառուցվել է վրաց ուղղափառ եկեղեցու տեղում:

«Այսինքն` տարբեր վկայություններ ունենք, թե հայ, թե օտար աղբյուրներից, որ 17-րդ դարում Տպղիսն ուներ Սուրբ Նշան, Սուրբ Նիկողայոս եկեղեցի, եւ այդ եկեղեցին հայկական էր:Այն պնդումները, թե հայոց ներկայիս եկեղեցին կառուցվել է վրաց ուղղափառ եկեղեցու տեղում եւ իրենց սրբատեղին յուրացվել է, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Սամվել Կարապետյանը: Նա նաեւ ավելացրեց, որ ներկայիս եկեղեցու նախկին տեղում կառուցված եկեղեցին եւս եղել է զուտ հայկական եւ ամենատարբեր վկայություններ կան այդ մասին: «Մի քանի ամիս առաջ Վրաստանի մեր թեմի առաջնորդը եկել էր մեր գրասենյակ եւ ասում էր, որ Սուրբ Նշանը այն վեց եկեղեցիներից մեկն է, որ Վրաստանի հայոց թեմը վերադարձման պահանջ է ներկայացրել: Եվ ասում էր, որ վրացիները մեզ արդեն բացահայտ ասում են, որ դուք դեռ պետք է ապցուցեք, որ դա հայկական է: Իսկ, երբ ապացուցեք խնդիր չկա, կվերարձնենք, ինչը դատական ճանպարհով պետք է ընթանա: Այս գրքույկը մի տեսակի զենք է, որով մեր թեմի առաջնորդը պետք է ապացուցի, որ եկեղեցին հայկական է: Ավելին կարծում եմ, որ կկարողանա ապացուցել, քանի որ փաստերը շատ են»,- ավելացրեց Սամվել Կաարպետյանը: