Վրաստանի նոր կառավարությունն Ադրբեջանն այլեւս էներգետիկական միակ գործընկեր չի համարում: Վրաստանի էներգետիկայի նոր նախարար, հայտնի նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն հայտնել է, որ 2013թ.-ից երկրին պարտադիր հարկավոր կլինի Ռուսաստանից էլեկտրաէներգիա ներկրել:

«Մենք այդ թեմայով պատրաստ ենք համագործակցել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ: Պատրաստ ենք հանդիպել, շարունակել բանակցությունները, որպեսզի նորմալ հարաբերություններ լինեն», - ասել է Քալաձեն:

 «Քվելա Սիահլե» («Բոլոր նորությունները») թերթի հետ հարցազրույցում Քալաձեն նաեւ նշել է, որ մտադիր է պարզել, թե որքանով է օրինական Վրաստանում  Ռուսաստանի կողմից էներգետիկական օբյեկտների ձեռքբերումը:

«Այն, ինչը վաճառվել է, հեշտ չի լինի հետ բերել: Պարզապես կպարզեմ` որքանով է դա օրինական եղել», - ասել է նա:

Միաժամանակ Էկոնոմիկայի նախարար Գեորգի Քվիրիքաշվիլին հայտարարել է ռուսական էներգետիկների հետ պայմանագիրը վերանայելու մասին`բնակչության համար սակագինը նվազեցնելու նպատակով:

«Միանգամայն անարդար է, որ Վրաստանի քաղաքացին նույն սակագինն է վճարում, որը որ զարգացած երկրի քաղաքացին»,- ասել է նախարարը:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը վերահսկում է Վրաստանի արտադրական հզորությունների մինչեւ 20%-ը եւ այդ երկրի ցանցային խոշորագույն` «Թելասի» ԲԸ-ի բաժնետոմսերի  75%-ի սեփականատերն է:  Մնացած 25% բաժնետոմսերը պետության տնօրինության տակ են: Ռուսական ընկերությանն են պատկանում նաեւ մի շարք ՀԷԿ-եր: Ավելի վաղ Վրաստանը նախատեսում էր էլեկտրաէներգիա ներկրել Ադրբեջանից` Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրաէներգիական արտահանման միջացք ստեղծելու ծրագրի շրջանակում: