2013 թ. պետական բյուջեի նախագծում ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերն ավելացել են ընդամենը 20 մլն դրամով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ նախագաի աշխատակազմին հատկացվող բյուջետային գումարները նման ցածր աճ ունեն: «Շատ խիստ խնայողական մոտեցում է ցուցաբերվել, բոլոր հոդվածներում կրճատում է եղել, սակայն 164 մլն դրամով ավելացել է աշխատավարձը՝ միասնական եկամտային հարկի հետ կապված»,- ասաց Պ. Սաֆարյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմին բոլոր ծրագրերի գծով 2013 թ. հատկացվել է 3,99 մլրդ դրամ: Ըստ Վ. Սարգսյանի՝ բացի աշխատավարձի բնականոն եւ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված աճից, «այլ ծախսեր» հոդվածով նույնպես աճ է պլանավորվել: Դա պայմանավորված  է մրցանակային ֆոնդի ավելացմամբ: Երկու տարին մեկ անգամ պետական մրցանակներ են շնորհվում, որն այս տարի կազմում է 35 մլն դրամ: Վ. Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ գիտության ոլորտում ավելացվել է 2 անվանակարգ՝ 2011 թ. առաջին անգամ մրցանակներ շնորհվեցին ճշգրիտ եւ բնական գիտությունների, ինչպես նաեւ՝ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում:  «Պետական մրցանաների հանձնաժողովները մեծ խստությամբ են աշխատել, եւ 7 անվանակարգերից 3-ում անցյալ անգամ չի շնորհվել; Այնպես չէ, որ այս ֆոնդը անպայման ամբողջությամբ պետք է սպառվի»,- ասաց Վ. Սարգսյանը: Մրցանակը յուրաքանչյուր անվանակարգում կազմում է 5 մլն դրամ;

ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը 2013 թ. կկրճատվի 15-ով (385-ից մինչեւ 370):