Հայաստանում նոյեմբերի 2-6-ը ճապոնական ֆիլմերի փառատոն տեղի կունենա: Փառատոնը կանցկացվի Երեւանում (նոյեմբերի 2-4) եւ Գյումրիում (նոյեմբերի 5-6): Այն կրում  է  «Ամենուր թող խաղաղություն տիրի» անվանումը եւ կազմակերպվել է «Հիկարի» հայ-ճապոնական  գիտա-մշակութային կրթական կենտրոնի կողմից`Հայաստանում Ճապոնիայի դեպանատան,  Հայաստանի ԱԳՆ-ի եւ  Մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ  «Ջեյթի ինտերնեշնլ Լյուքսեմբուրգ Էս Էյ» ընկերության հայկական ներկայացուցչության համագործակցությամբ: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին: Սա Հայաստանում ճապոնական կինոյի երկրորդ փառատոնն է. առաջինը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին:

Ինչպես ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, հայ հանդիսատեսին կներկայացվեն լիամետրաժ 5 ֆիլմ: «Երկրորդ փառատոնի կազմակերպումը նախաձեռնել է Ճապոնիայի  դեսպանատունը: Դա վկայում է այն մասին, որ առաջին փառատոնը բարձր գնահատականի է արժանացել»,-նշել է  կենտրոնի ղեկավարը:

Նրա խոսքով, ներկայացված բոլոր ֆիլմերը նկարահանվել են մինչեւ 2000 թ-ը: Մինչեւ ֆիլմերի ցուցադրումը,  հանդիսատեսին  սպասվում է  խաղաղության թեմայով ցուցահանդես, առաջին անգամ կկատարվի «Հին ժամանակները» ստեղածգործությունը, ինչպես նաեւ ոչ մեծ անակնկալ:

Իր հերթին  Հայաստանի Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի պետի տեղակալ Արամ Գյուրջյանը նշել է, որ չնայած երկու մշակույթների ընդգծված յուրօրինակությանը, նկատվում են նաեւ ընդհանրություններ, ինչը թելադրված է պատմության նմանությամբ: