Կարտոֆիլի ցեցը 2011թ.-ին տարածված էր Հայաստանի ընդամենը 2 գյուղում, իսկ այս տարի արդեն շուրջ 45 գյուղերում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը։

Նրա խոսքերով, հիվանդությունը տարածված է Արմավիրի ու Արարատի մարզերում ու մի քանի գյուղերում կարտոֆիլի ու մորմազգի որոշ բուսատեսակների մշակումը դադարեցվել է: «Կարտոֆիլի ցեցի դեմ որոշակի պայքար գոյություն չունի, անհրաժեշտ է 2-3 տարի ընդհանրապես նշված բնակավայրերում դադարեցնել մորմազգիների մշակումը, իսկ դրանց փոխարեն ցանել հացահատիկային կուլտուրաներ։ Միայն այդ դեպքում ցեցը կվերանա», -նշեց փոխնախարարը։

Հարցին՝ թե արդյոք այդ միջոցառումները նշված մարզերում սով չեն առաջացնի, քանի որ Արարատի մարզում բարենպաստ պայմաններ չկան հացահատիկային կուլտուրաների մշակման համար, Բաղյանը պատասխանեց, որ դա ընդամենը չափազանցություն է, պակասը հնարավոր է լրացնել հարեւան շրջանների հաշվին, իսկ այս տարի օրինակ՝ ավելի մեծ քանակությամբ լոլիկ է մթերվել: «Ամենայն հավանականության,  վարակված կարտոֆիլը զարտուղի ճանապարհով Հայաստան է ներկրվել Վրաստանից կամ Թուրքիայից, ուստի դուրս մնացել մեր վերահսկողությունից, իսկ ինչ վերաբերվում է հատուկ թակարդների միջոցով ցեցի դեմ պայքարին, ապա դա անարդյունավետ է։ Ցեցը Հայաստանի համար նորություն է, իսկ նախարարությունում որոշակի մշակված պայքար նրա դեմ դեռ չկա»-ասաց Բաղյանը։

Նա ավելացրեց, որ գյուղնախարարության կողմից որոշակի փոխհատուցում տուժած շրջաններին դեռ չի նախատեսվում. « Հաշվարկվում են ցեցով վարակված արեալները, որ համապատասխան կարանտինային միջոցառոմներ իրականացվեն»,- եզրափակեց Բաղյանը։