ՀՀ Ազգային Ժողովի ծախսերը 2013 թ. կավելանան 197 մլն դրամով եւ կկազմեն 3,14 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նրա տեղեկացմամբ՝ ԱԺ աշխատակազմի հայտը բավականին մեծ էր, սակայն կառավարության որդեգրած սկզբունքն է՝ հնարավորինս պետական կառավարման ծախսերի ավելացում թույլ չտալ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ասաց, որ 2013 թ. 100 մլն դրամ կհատկացվի նիստերի դահլիճում եւ ոսկեզօծ դահլիճում օդափոխության համակարգ ներդնելու համար: Մոտ 30 մլն դրամով ավելացվել է պատգամավորների կեցության վարձի ֆոնդը՝ մարզերում ընտրված պատգամավորները 2013 թ. կստանան ամսական 100 հազ. դրամ հավելավճար:
ԱԺ գործուղման ծախսերը 2013 թ. կկազմեն 350 մլն դրամ՝ նույն չափով, ինչ 2012 թ.; Սակայն, ըստ Գ. Դումանյանի, 2012 թ. խորհրդարանական ընտրությունների տարի էր, ուստի պատգամավորները ավելի քիչ են արտասահմանյան գործուղման մեկնել: Իսկ 2013 թ. նախատեսվում են այդպիսի մի շարք գործողումներ, սակայն կառավարությունը այդ հանգամանքը հաշվի չի առել:
Բացի այդ՝ կառավարությունը տարեկան 8 մլն դրամ է հատկացնում ԱԺ ավտոպարկի սպասարկման համար, ինչը աշխատակազմի տեղեկացմամբ՝ չի բավարարում, քանի որ ավտոպարկը հին է: Կառավարությունը մերժել է նաեւ ԱԺ-ի համար 6 նոր մեքենա ձեռքբերելու հայտը:





























