Apple ընկերությունը վերամշակել է Siri ձայնային օգնականի չինական տարբերակը: Մասնավորապես, Siri-ի ծառայություններից կրճատվել է մարմնավաճառներ վարձելու մասին տեղեկատվության տրամադրումը:
Ինչպես տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը, ավելի վաղ «Որտեղի՞ց մարմնավաճառ վարձել» կամ «Որտե՞ղ կարելի է էսկորտ ծառայությունից օգտվել» հարցերին ի պատասխան Siri-ին չինացի օգտվողներին հասցեներ էր ներկայացնում: Այժմ նա պատասխանում է, որ չի կարողանում գտնել անհրաժեշտ օբյեկտները:
Չինաստանում Apple-ի տեխնիկական աջակցության աշխատակիցը գործակալությանը հաղորդել է, որ սեռական ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերին զուգահեռ, Siri-ն չի պատասխանի նաեւ հրազենի վերաբերյալ հարցերին, գրում է «lenta.ru»-ն:
Siri-ի ձայնային օգնականն առկա է iPhone 4S, iPhone 5, iPod touch, iPad 3, 4 եւ mini սարքերում: Siri -ի խնդիրն է ապահովել սմարթֆոնի հետ օգտվողի փոխգործակցությունը եւ օգնել նրան գտնել հարկ եղած տեղեկությունը: Բացի չինարենից`Siri-ն «գիտի» անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն եւ ճապոներեն:





























