Բելգիական Լեվեն քաղաքի բանտի ադմինիստրացիան արդեն մեկ շաբաթ է չի կարողանում գտնել այն հատուկ բանալին, որը բացում է 180 բանտախցերի կողպեքները: Միջադեպի մասին գրում է ֆլամանդական Het Last Nieuws թերթը:
Կալանավորների հետ աշխատող անձնակազմը, վախենում է, որ բանալին կարող էր ընկնել դատապարտյալներից որեւէ մեկի ձեռքը: Խուրձը, որը պատկանում է բանտային կապելլաններին, փնտրվում է արդեն մեկ շաբաթ շարունակ: Նրա մեջ է եղել 180 բանտախցեր բացող համապարփակ բանալին եւ բանտի բաժինները իրարից բաժանող դռների բանալիները:
Բանտի տնօրինությունը փորձել է այս միջադեպը գաղտնի պահել, սակայն առավելապես վտանգավոր հանցագործների խցիկների կողպեքների փոփոխությունը չէր կարող վրիպել լրագրողների աչքից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Թերթի տեղեկատվության համաձայն, նման բանալիների կորուստը պետք է, որպես արտակարգ դեպք հաղորդվի ուղղիչ հաստատություններին, սակայն լեվենյան բանտում այդ կերպ չեն վարվել, հույս ունենալով, որ խուրձը կհայտնաբերվի, թեեւ մինչեւ հիմա այնտեղ չեն կարողանում պարզաբանել, թե ով է վերջին անգամ օգտվել այդ բանալիներից եւ ինչպես կարող էին դրանք անհետանալ:





























