«Սենդի» փոթորկի` ԱՄՆ-ին հասցրած վնասը գնահատվում է 30-50 միլիարդ դոլար: IHS Global Insight ընկերության հաշվարկով, «Սենդի» փոթորիկը դարձել է ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ ամենաթանկ բնական աղետը: Ամերիկայի ամենատուժած նահանգը Նյու Ջերսին է: Հենց այնտեղ է այցելել նախագահ Բարաք Օբաման: Նախագահական ընտրությունների 4 օր առաջ նա խոստացել է օգնել տուժած շրջանների բնակիչներին` արագ ոտքի կանգնել:
Այցի համար մթնոլորտը անսպասելիորեն շահեկան է ստացվել. ընդգծված հանրապետական, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին հայտնել է, որ ծայրահեղ պայմաններում դեմոկրատ Օբաման իրեն ցուցաբերել է որպես կարկառուն առաջնորդ: Հաշվի առնելով թեկնածուների միջեւ եղած երկտոկոսանոց տարբերությունը`գործող նախագահին «Սենդին» հավանաբար քաղաքական լավ աջակցություն է ցուցաբերել, նշում է «Վեստի.ru»-ն:
Twitter ցանցի միկրոբլոգները դարձել են նահանգների բնակիչների եւ այլ երկրների համար իրական ժամանակում թարմ տեղեկատվության աղբյուր: Սակայն գրանցվել են նաեւ կեղծիքներ եւ ֆոտոշոփի հնարքներ:
Մասնավորապես, դա վերաբերում է Մանհեթենի լուսանկարին, որի գլխին սեւ փոթորկաբեր ամպեր են կուտակվել: Այս պատկերը, որը բլոգերների շրջանում մեծ տարածում է ստացել, առաջին անգամ տպագրվել է The Wall Street Journal ամսագրում 2011 թ-ի ապրիլի 28-ին: Ինտերնետում մեծ իրարանցում է առաջացրել Ազատության արձանի լուսանկարը, որը ողողված է փոթորկային ալիքներով: Ինչպես զգուշացնում է ֆրանսիական Le Monde-ը, այս պատկերը վերցված է 2004 թ-ին նկարահանված ամերիկյան «Վաղը չէ մյուս օրը» ֆիլմ աղետից: Ֆոտոշոփի միջոցով է սարքվել նաեւ քաղաքի փողոցներով լողող շնաձկները:
Աղետի հարվածը իր վրա առաջինը ընդունած ամերիկյան մեգաքաղաքում ավելացել է հանցագործությունների թիվը: Այս կապակցությամբ Նյու Յորքի ոստիկանները ստիպված են եղել առավել հաճախ հսկողություն կատարել փողոցներում:
Կոնի-Այլենդ թերակղզում տեղակայվել են հարյուրավոր ոստիկաններ` վանդալների կողմից ավերված մի քանի խանութների եւ բանկերի մասնաճյուղերի հսկողության համար:Մանհեթենի Չելսի թաղամասի մի շարք բնակիչներ ստիպված են եղել ոստիկաններ վարձել իրենց եւ իրենց ունեցվածքը պաշտպանելու համար:




























