Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները արտահայտվել է, թե ինչ է մտածում «եդինառոս» Իլյա Կոստունովի` իրեն «Առաջին ալիքից» հեռացնելու պահանջի մասին:

Ի պատասխան իր հասցեին մեղադրանքների`լրագրողը մեջբերել է Պուշկինի «Ես ինձ անձեռակերտ հուշարձան եմ կանգնեցրել...» բանաստեղծությունից մի հատված: «Ահա եւ ամբողջ մեկնաբանությունը», - ասել է Պոզները:

Իր կայքում հեռուստահաղորդավարը հայտնել է, որ Առաջին ալիքի ղեկավարությունը դեռեւս իր հետ չի կապվել աշխատանքից ազատելու կապակցությամբ, հայտնում է «Ռոսբալտը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  «Եդինայա Ռոսիա»-ից ՌԴ պետդումայի պատգամավոր Իլյա Կոստունովը պահանջել էր Առաջին ալիքից հեռացնել Վլադիմիր Պոզներին` հոկտեմբերի 28-ի «Պոզներ» հաղորդման ժամանակ մի շարք աղմկահարույց գործերի վերաբերյալ նրա մեկնաբանությունների համար: Պոզներն իր հաղորդման ժամանակ  միանգամայն միանշանակ հայտարարություն էր արել   ընդդիմադիր Ռազվոզժայեւի խոստովանական ցուցմունքների վերաբերյալ, որոնց մասին հայտնել էր Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Պարոն Մարկինն ասել է, որ հավատում է միայն փաստերին, եւ որ Ռազվոզժայեւն անձամբ սեփական ձեռքով գրել է 10 էջից բաղկացած խոստովանություն: Ձեռքով գրված այդպիսի խոստովանություններ ԿՀՎ-ի արխիվներում հարյուր-հազարներով կան: Եւ հայտնի է, թե ինչպես են ստացվել այդ խոստովանությունները», - հայտարարել է նա: Հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո ռուսական բլոգերները գուշակություններ են անում, թե դեռ ինչքան ժամանակ Պոզները կմնա Առաջին ալիքում: