Հայ հեղափոխական դաշնակցությունը նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ որեւէ որոշում առայժմ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Քննարկելու ենք մեր պետականության առջեւ կանգնած հիմնարար խնդիրները, առաջարկելու ենք քաղաքական օրակարգ եւ դրա վերաբերյալ քննարկումների արդյունքում մեր դիրքորոշումը կհստակեցնենք, առաջիկայում այդ մասին հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանի խոսքով` նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափին կանդրադառնան ՀՅԴ Գերագույն ժողովին, որը կկայանա դեկտեմբերին:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ՀՅԴ-ն սովորաբար հինգշաբթի օրերին ԳՄ նիստեր է անում: Սակայն ՀՅԴ ԳՄ նիստը, ինչպես եւ ՀՀԿ ԳՄ-ինը, անցած շաբաթ տեղի է ունեցել ուրբաթ օրը:
ՀՅԴ-ն որոշել է երկու խնդիր. ա) ստեղծված քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով. հիշեցնենք, որ մինչ այդ հիմնականում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը:
բ) Սակայն չի բոյկոտելու ընտրությունները. եթե «նորմալ», իրենց գաղափարական գծին համապատասխան թեկնածու եղավ, կպաշտպանեն, եթե ոչ՝ առանց բոյկոտի մասին բարձրագոչ հայտարարությունների չեն մասնակցի:




























