Հայաստանի Գեղարքունիքի մարզում սիբիրախտի համաճարակ չկա, թեեւ անասունների հատուկենտ անկումներ լինում են: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ եթե 1000 անասունի մեջ անգամ երեքը սատկեին, զանգվածային անկումը անխուսափելի կլիներ:
Սակայն, այնուամենայնիվ, երեկ 1 անասուն սատկել է: Ներկայում կարանտին է մտցված մարզի Ծովակ, Տորֆավան եւ Նորակերտ համայնքներում, իսկ Նորակերտ համայնքի գյուղացիներից մեկի սառնարանում օրերս կրկին հայտնաբերվել է վարակված միս:
Հարցին, թե ի՞նչը կարող էր լինել սիբիրախտի հարուցիչի աղբյուրը, Ռ. Գրիգորյանն ասաց, որ շրջանառվում են մի քանի վարկածներ: Մասնավորապես՝ տեղեկություններ կան, որ նախորդ դարի 50-ական թվականներին այդ շրջանում սիբիրախտի համաճարակ է եղել: Կարծիքներ կան, որ նոր հարուցիչը հայտնվել է այն բանից հետո, երբ ջրագծի անցկացման նպատակով փորված տարածքներից անասունների բազմաթիվ ոսկորներ են դուրս եկել:





























