NASA-ի գիտական կենտրոնների աշխատակիցները եւ տիեզերանավորդները այս տարի Հելոուինի իրենց ավանդական դդումները նվիրել են Curiosity մարսագնացին:

Ինչպես հայտնում է Universe Today-ը, դդումների վրա սարքի իրենց տարբերակը NASA-ի  եւ գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցները տեղադրել են սոցկայքերի անձնական էջերում: Այսպես, օրինակ բրիտանացի աստղագետ եւ գրող Ուիլ Գեյթերը ներկայացրել է մարսագնացի  վայրէջքի տեսարանը: 

Կոլորադո նահանգի Բոուլդերի համալսարանի հետազոտող, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL)  նախկին աշխատակցուհի Սառա Հորստն իր դդումի համար ընտրել է մարսագնացի նկար, որն իր քիմիական  սարքերից մեկով լազերով «կրակում» է քարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Մարսագնացի նկարներից մեկի հեղինակը` ՆԱՍԱ-ի Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի աշխատակցուհի Լիզ Ուորենը, Space.com-ին հայտնել է, որ այս տարի իր հելոուինյան երկրպագուներից մեկն առաջարկել էր պատկերել  Curiosity-ն: Ընդ որում Ուորենը ցանկանում է իր դդումը նվիրել ՆԱՍԱ-ի լեգենդար «մարդ-իրոկեզ», ինժեներ  Բոբակ Ֆերդոուսիին, որը Կարմիր մոլորակի վրա Curiosity մարսագնացի վայրէջքի կապակցությամբ աստղաբծավոր իրոկեզ էր պատրաստել: