Ուկրաինան ցորենի արտահանման արգելք չի մտցնի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության փոխնախարար Իվան Բիսյուկը: Նա նշել է, որ չի կարելի խոսել երկրի պարենային շուկայում կրիտիկական վիճակի մասին:

Հիշեցնենք, որ Կիեւի կողմից ցորենի արտահանման արգելք մտցնելու մասին լրատվամիջոցները տեղեկացրել էին հոկտեմբերի 22-ին: Նշվում էր, որ այսպիսով Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են թույլ չտալ, որ ներքին շուկայում հացի դեֆիցիտ եւ գնաճ լինի: Հոկտեմբերի 24-ին Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը հայտարարել էր, որ ցորենի արտահանման ամբողջական արգելքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից:

Բիսյուկը պարզաբանել է, որ «նման խոսակցություն չի եղել», իսկ կառավարությունում խոսք է գնացել միայն անհրաժեշտության դեպքում ցորենի արտահանման մասնակի սահմանափակումների մասին:

Ներկայումս Ուկրաինայից ցորենի արտահանման որեւէ արգելք չի գործում: Միաժամանակ, կառավարությունը ոլորտի ընկերությունների հետ պայմանավորվել է, որ 2012-2013 թվականներին նրանք երկրից չեն արտահանի ավելին քան 5 մլն տոննա ցորեն, 3 մլն տոննա գարի եւ 12,4 տոննա եգիպտացորեն: