Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում իրավապահները ցրել են «Ռազմավարություն-31»-ի կազմակերպած բողոքի ակցիան, որի արդյունքում առնվազն 20 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնել է «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության (չգրանցված) ներկայացուցիչ Ալեքսանդր Ավերինը:

Նրա խոսքով, ձերբակալվածների թվում է «Ուրիշ Ռուսաստանի» առաջնորդ Էդուարդ Լիմոնովը: Ընդդիմադիր գործիչը իր մեքենայով ժամանել է Տվերսկայա-Յամսկայա փողոց, որտեղից իր կողմնակիցների հետ շարժվել է դեպի Տրիումֆալնայա հրապարակ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մի քանի անգամ բարձրախոսով հայտարարել են, որ ակցիան արտոնված չէ, որից հետո Լիմոնովին ձերբակալել են եւ մտցրել «ՈՒԱԶ»-ը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավերինի փոխանցմամբ, ձերբակալելուց առաջ ոստիկանները չեն հայտարարել ձերբակալվողի իրավունքների մասին:

Դրանից հետո Լիմոնովի մի քանի կողմնակիցներ սկսել են վանկարկել. «Մեզ պետք է ուրիշ Ռուսաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին»: Նրանցից ոմանք եւս ձերբակալվել են, հաղորդում է Gazeta.ru-ն: Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ «Ձախ ճակատի» ակտիվիստ Կոնստանտին Կոսյակինին: Նախկինում նշվել էր, որ նա կարող է դառնալ մայիսի 6-ին երկրում անկարգություններ նախապատրաստելու գործով հերթական մեղադրյալը:

Նշենք, որ արդեն երեք տարի է, որ ընդդիմադիրներին թույլ չեն տալիս ակցիա կազմակերպել Տրիումֆալնայա հրապարակում: