Հայաստանի մշակույթի նախարարության առաջնային նպատակը մշակութային երկխոսության եւ բազմազանության ստեղծմանն օգնելն է: Այս մասին նշել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերի եւ ճապոնական կինոյի օրերի անցկացումը:
«Մեզ մոտ տեղի ունեցավ ղազախական կինոյի շաբաթ, պարբերաբար կազմակերպվում են ռուսական եւ եվրոպական ֆիլմերի փառատոններ: Դա մշակութային բազմազանության եւ մշակութային երկխոսության սկզբունքի կիրառում է: Մենք բավական բարդ ժամանակներում ենք ապրում, երբ արժեքների համակարգը փոխվում է ողջ աշխարհում: Հայտնվել են նոր հասկացություններ՝ կապված նոր տեխնոլոգիաների եւ արվեստի առեւտրականացման հետ:
Դրա համար էլ բոլոր երկրներում, որտեղ մարդիկ զբաղվում են լուրջ արվեստով, փրկում են մարդկանց հոգիները»,-ասել է Գյուրջյանը:
«Այս առումով, ես ինձ թույլ կտամ մի փոքր քնարականորեն մոտենալ հարցին. Լեւ Տոլստոյն ասել է, որ բարի մարդիկ պետք է միավորվեն»,-հավելել է մշակույթի նախարարության աշխատակիցը, հավելելով, որ ՀՀ մշակույթի նախարարության եւ մշակութային ծրագրերին մասնակցող վերոնշյալ երկրների քաղաքականությունն այն է, որ արվեստի մարդիկ, ովքեր ասելիք ունեն, լսելի լինեն եւ ոչ միայն իրենց հայրենիքում, այլեւ այլ երկրներում:




























