Ադրբեջանում գործող տխրահռչակ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» որոշ լռությունից հետո կրկին ակտիվացել է: Այս անգամ կազմակերպությունը նախատեսում է նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին երեք ակցիա անցկացնել «Ղարաբաղյան բանավեճեր» ծրագրի շրջանակում, որի նյութերը կհրապարակվեն եւ կտեղադրվեն ինտերնետում:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, այդ բանավեճերին հրավիրված են կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ովքեր կարող են ներկայացնել իրենց կարծիքն ու փաստարկները:

«Այդ ակցիաների նպատակը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ օբյեկտիվ հասարակական դիրքորոշման ձեւավորմանը նպաստելն է»,-ասել է աղբյուրը:

Այս ծրագիրը ֆինանսավորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից պետական աջակցության խորհուրդը:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը»  հիստերիկ ու անհաշտ դիրքորոշում է ներկայացնում ամեն հայկականի նկատմամբ: