Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման ծրագիրը նորություն չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նա հիշեցրեց, որ օրենսդրության համաձայն, պետությունը պետք է տարեկան նվազագույնը մեկ անգամ հաստատի կենսապահովման նվազագույն բյուջեի ծավալը: «Ուստի առաջիկա մի քանի տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի կրկնապատկման ծրագրերը չպետք է զարմացնեն»,-ավելացրեց նա:
Ընդհանուր առմամբ, ըստ Բոստանջյանի, նվազագույն աշխատավարձը 2013 թ-ից 35 հազ. դրամ դարձնելը դրական է. «Ուրախալի է, որ մենք ճգնաժամից դուրս եկանք համեմատաբար բարեհաջող վիճակում, եւ ի վիճակի ենք զարգացման ծրագրեր մշակել»:
Նշենք, որ 2013թ. բյուջեի նախագծով եկամտային մասը կազմում է 1.031 մլրդ, ծախսային մասը` 1.151 մլրդ դրամ: 2012 թ. բյուջեի համեմատ եկամուտներն ավելացել են 13%-ով, ծախսերը` 10%-ով:




























