«Սենդի» փոթորկի զոհերի թիվն ԱՄՆ-ում եւ Կանադայում հասել է 59-ի: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Նյու Յորքում, որն իր վրա է վերցրել փոթորկի հիմնական հարվածը, զոհվել է 24 մարդ: Աղետից հիմնականում տուժել են Նյու Ջերսիի եւ Նյու Յորքի նահանգները: Վերջին երկու օրում ԱՄՆ-ում չեղյալ են հայտարարվել ավելի քան 15 հազար ավիաչվերթներ: Ընդհանուր առմամբ, աղետի հետեւանքով տուժել է 2,4 մլն ընտանիք:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության փոխանցմամբ, առնվազն 8 մլն շինություն ջրի տակ է անցել: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերքի խոսքով, մետրոն կարող է գործել միայն  4-5 օր անց: Փոթորկի կենտրոնում քամու արագությունը հասել է 130 կմ/ժամի:

Մերիլենքի նահանգի արեւմուտքում 70 սմ, իսկ Արեւմտյան Վիրջինիայի սարերում՝ շուրջ մեկ մետր ձյուն է եկել: Ձյուն է եկել նույնիսկ Թեննեսի նահանգում, որն ավելի հարավ է գտնվում:

Երկրի նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է արտակարգ դրություն հայտարարել Մերիլենդում, Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Քոնեքթիքութում, Փենսիլվանիայում, Ռոդ-Այլենդում, Կոլումբիայի դաշնային օկրուգում, ինչպես նաեւ մի շարք այլ նահանգներում:

ԱՄՆ տնտեսությանը հասցված ընդհանուր վնասը կարող է հասնել 600 մլրդ դոլարի, իսկ ապահովագրական ընկերությունների ծախսերը՝ 10  մլրդ դոլարի: