«Հրապարակը» գրում է, թե ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Տիգրան Բարսեղյանն արդեն մի քանի ամիս է, ինչ նշանակվել է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խորհրդական, ինչը լարվածություն է առաջացրել Հ1-ում. այստեղ չեն բացառում, որ հենց նա էլ մի քանի ամսից կփոխարինի պաշտոնավարման ժամկետը լրացած Հարությունյանին:

Բարսեղյանի անունը որոշ լրատվամիջոցներ կապում էին 2004թ. ապրիլի 12-ի եւ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ. նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները: Զբաղեցրած պաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին՝ ըստ լավատեղյակ աղբյուրների,  սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով: 

Հ1-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Բարսեղյանն է Հ1-ի եթերը գովազդազրկելու առաջարկի հեղինակը, ինչն էլ հենց լարվածություն է առաջացրել. հիշեցնենք` հունվարի 1-ից Հանրայինն այլեւս գովազդներ չի հեռարձակելու: Այնուհանդերձ, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ սույն գեներալն առաջիկայում նշանակվի Սերժ Սարգսյանի անվտանգության հարցերով խորհրդական. այս պաշտոնը թափուր է Գառնիկ Իսագուլյանի հեռացումից ի վեր: