Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Մարդին քաղաքում նախկինում հային պատկանած 5 հարկանի առանձնատունը վերածվել է 5 աստղանի բուտիկ հյուրանոցի:

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ մարդինցի գործարար Ֆըրաթ Ըրմաքը գնել է մոտ 300 տարվա պատմություն ունեցող հայի առանձնատունը եւ իտալացի գործընկերների հետ միասին 22 մլն լիրայի (13 մլն դոլար) ներդրում են կատարել:

Ֆըրաթ Ըրմաքը նշել է, թե հյուրանոցը վերակառուցվել է Մարդինի հայկական թաղամասում գտնվող տների ճարտարապետությամբ եւ ունի 32 համար՝ 82 մահճակալներով:

Հյուրանոցի գլխավոր տնօրեն Զեյնեփ Թեմիզն իր հերթին նշել է, թե չնայած, որ հյուրանոցի բացումը դեռ չի եղել, իրենք արդեն ստացել են հյուրանոցի համարների 70 տոկոսի ամրագրումները:

Նշենք, որ Մարդինւ նախկին գլխավոր ճարտարապետ հայազգի Սարգիս Լոլեի կողմից 1890-ին կառուցված եւ աշխարհի ամենագեղեցիկ 7-րդ փոստատունը եւս առաջիկայում կբացվի որպես բուտիկ հյուրանոց:

Մարդինում չեն մոռացել հայ ճարտարապետին եւ փողոցներից մեկը 2 տարի առաջ վերանվանել են նրա անունով: