Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի արեւելյան հատվածում վրա հասած «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 72-ի: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, իշխանությունները նշում են, որ այդ թվերը դեռեւս նախնական են։

Տարերքն ամենաշատ վնասը հասցրել է Նյու Յորք, Նյու Ջերսի եւ Մերիլենդ նահանգներին: Նյու Յորք քաղաքում զոհվել է 22 մարդ, իսկ համանուն նահանգում` ութ: Մերիլենդում զոհվել է 9 մարդ, Նյու Ջերսիում` 6, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նյու Յորքն սկսել է աստիճանաբար վերադառնալ իր բնականոն կյանքին: Չնայած դեռեւս չի աշխատում մետրոն եւ չի վերսկսվել մերձքաղաքային գնացքների երթեւեկությունը, Մանհեթանում սկսել են գործել թատրոններն ու թանգարանները, վերականգնվել է էլեկտրամատակարարումը, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Իշխանությունները պնդում են, որ մետրոյից ջուրը ցամաքեցնելու համար կպահանջվի 4-5 օր: Սակայն էլեկտրականության ամբողջական վերականգնումը կտեւի մինչեւ երեք շաբաթ:

Ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, փոթորիկն անցել է, սակայն ԱՄՆ-ի Արեւելյան հատվածի տասնյակ քաղաքներ դեռեւս խավարի մեջ են: Փողոցները մինչ այժմ հեղեղված են:

Նախագահ Օբաման, դիմելով ԱՄՆ-ի բնակիչներին, ասել է, որ ամենադժվարը դեռ առջեւում է: Դեռ պետք է վերադառնալ կյանքի սովորական  ռիթմին:

Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է քաղաքի հնագույն հիվանդանոցի` Bellevue-ի տարհանման մասին: Հիվանդանոցից  տարհանվել են բոլոր հիվանդները, քանի որ ցանկացած պահի կարող էին անջատվել պահեստային գեներատորները. շատ հիվանդներ կմնային առանց կենսապահովման սարքերի։