Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտասահմանյան այցերի ընդմիջումը կտեւի մինչեւ դեկտեմբեր: Օրակարգը փոփոխվել է մի շարք պատճառներով, սակայն առողջության խնդիր չկա, հավատացնում են Կրեմլում:
Հիշեցնենք, որ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը հայտնել էր, որ Աշգաբադում ԱՊՀ-ի գագաթաժողովը նոյեմբերի սկզբից տեղափոխել են դեկտեմբերի 5-ին: Դեկտեմբերին կկայանան նաեւ Պուտինի արտասահմանյան այլ այցեր, որոնք նախատեսված էին հոկտեմբերին եւ նոյեմբերին: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիա այցը, հնարավոր է, կայանա դեկտեմբերի 3-ին, իսկ Հնդկաստանինը` դեկտեմբերի 24-ին: Բուլղարական «Ստանդարտ» թերթը հայտնել է, որ տեղափոխվում է Պուտինի՝ նոյեմբերի 9-ին նախատեսված այցը Բուլղարիա: Ըստ թերթի` նախագահը, հնարավոր է, Սոֆիա մեկնի Թուրքիայից հետո:
Պեսկովը կտրականապես հերքում է Reuters-ի այն տեղեկությունը, թե Պուտինն առողջական խնդիրներ ունի: Հնդկաստան նա միայն դեկտեմբերին է գնում, քանի որ հարկավոր է ավարտին հասցնել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի մշակումը:
Դեկտեմբերին Պուտինը գերհագեցած օրակարգ կունենա: Նա Բրյուսելում պետք է մասնակցի նաեւ Ռուսասատան-ԵՄ ավանդական գագաթաժողովին, որտեղ Դաշնային ժողովին ուղղված կոչ կհնչեցնի եւ մամուլի մեծ ասուլիս կանցկացնի: Ավանդական դեկտեմբերյան «ուղիղ գիծը» հետաձգվում է մինչեւ տաքերն ընկնելը, հայտնել է Պեսկովը:
Ինչպես գրում է «Վեդոմոստին», ԱՊՀ երկրներից մեկի մի պաշտոնյա պնդում է, որ քննարկվել է ԱՊՀ նոյեմբերի գագաթաժողովում Պուտինի փոխարեն վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցության հարցը, սակայն երբ հայտնի է դարձել, որ Պուտինը չի մասնակցելու, մի շարք այլ պետությունների ղեկավարներ եւս հրաժարվել են մասնակցությունից, այդ պատճառով էլ նոր ամսաթիվ են հարմարեցրել:
Ըստ Կրեմլին մոտ գտնվող երկու անձանց`նախագահն իսկապես առողջական խնդիրներ ունի՝ կապված հին վնասվածքի հետ, որը սրվել է դելտապլանով կռունկների հետ Պուտինի թռիչքից հետո: Դրանից հետո բոլորը նկատել էին, որ նա կաղում է: Այժմ նախագահը հատուկ բուժումների փուլ է անցնում, բժիշկները նրան արգելել են թռչել, վստահեցնում է «Վեդոմոստի»-ի աղբյուրներից մեկը:




























