Հնդկական դատարանը իր խստությամբ աննախադեպ դատավճիռ է կայացրել այն ուղեւորի նկատմամբ, ով իր խուլիգանական արարքով խափանել է ներքին չվերթը: Կեղծ հաղորդագրության եւ սպառնալիքի համար 45-ամյա Ջիտենդեր Կումար Մոխլան կյանքի մնացած մասը ճաղերի ետեւում կանցկացնի: Հանցագործը նաեւ վճարել է 7 հազար ռուփի տուգանք (մոտ 130 դոլար):
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մեղադրյալի ոչ մի արդարացում եւ մեղմացուցիչ հանգամանք դատարանի վրա չի ազդել: Մեղադրյալին չի օգնել անգամ այն, որ նա հանդիսանում է ծեր ծնողների միակ խնամակալը:
Ըստ գործի նյութի, 2009 թ-ի փետրվարի 1-ին Կումար Մոխլան թռչել է Գոա-Դելի չվերթով: Թռիչքի ժամանակ նա անսպասելիորեն սկսել է սպառնալ անձնակազմին եւ ուղեւորներին` հայտնելով, որ մոտը ատճանակ եւ թունավոր ասեղներ կան: Ինքնաթիռի սրահում խուճապ է բռնկվել, իսկ ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Նյու-Դելիում:
Գերիների ազատմամբ եւ ինքնաթիռը զավթած «ահաբեկչի» ձերբակալմամբ զբաղվել է հատուկ նշանակության ջոկատը: Ավելացնենք, որ այն ժամանակ ինքնաթիռում եղել է 160 ուղեւոր, որոնց երկու ժամ շարունակ հանցագործը պահել է ինքնաթիռում, հաղորդում է NEWSru.com-ը: Բռնվելուց հետո պարզվել է, որ հանցագործի մոտ ոչ մի զենք չի եղել: Անհայտ է նաեւ այն պատճառները, որոնք Կումարին դրդել են նման արարք կատարել:





























