Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նոր պաշտոն է հիմնել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Երկրի վարչապետի՝ ռուսական հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է հայտնի դիվանագետ, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն: Այս մասին «Հասարակական եկխոսություններ» կայքի առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է Վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Նրա կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը հիպոթետիկ երկրներ չեն, նրանք ունեն կոնկրետ իշխանություններ եւ նրանք ոչ միայն կարող են, այլեւ պետք է կառոցողական երկխոսություն սկսեն: Միաժամանակ, Զաքարեիշվիլին հակասություն չի տեսնում Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու փորձերի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերադարձման ուղղությամբ աշխատելու միջեւ: Պետնախարարը կարծում է, որ պետք է անել բոլոր քայլերը, որը կարելի է անել այսօր եւ չդոփել տեղում:

«Չի կարող լինել այնպես, որ Վրաստանի եւ Ռուսաստանի, վրացական, աբխազական եւ օսական կողմերի միջեւ հարցեր չլինեն, որոնք կարելի է համատեղ լուծել: Բայց մենք անընդհատ կենտրոնանում ենք այն հարցերի վրա, որոնք այսօր լուծել չենք կարող եւ ճակատով հարվածում ենք պատին»,-նշել է Զաքարեիշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Զաքարեիշվիլին Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ չի համարում երկկողմ այլ հարաբերությունները կարգավորելու ճանապարհին: Որպես օրինակ նա բերում է «Կազբեգի-Վերին Լարս» ռուս վրացական սահմանային անցակետի բացման շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցը: Ընդ որում, պետնախարարը կտրականապես բացառում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ այն դեպքում, եթե Մոսկվան որեւէ փոխզիջման չգնա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերում: