Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ երեկ` հոկտեմբերի 31-ին ժամը 16-ի սահմաններում, տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։ Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Նա նշեց, որ նկարահանումների ժամանակ հանդիսատեսներից մեկը վատացել է, անմիջապես ցուցաբերվել է առաջին օգնություն եւ «Շտապօգնություն» են կանչել: «Առանձին սենյակ ենք տեղափոխել, ինչով կարող էինք, աջակցել ենք,  «Շտապօգնության» բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, արհեստական շնչառություն են միացրել, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- ասաց գործադիր տնօրենը: Գագիկ Բունիաթյանը նշեց, որ այդ անձը նկարահանումներին եկել էր երգիչներից մեկի հրավերով` իր կնոջ եւ ընկերների հետ միասին: Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը ցավակցում է մահացածի ընտանիքին եւ  հարազատներին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հանկարծամահ եղածը 50-ամյա Հրաչիկ Թադեւոսյանն է: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ասում են, թե Հրաչիկ Թադեւոսյանը առողջական խնդիրներ է ունեցել, մի քանի անգամ կաթված է տարել, սակայն այս ամենը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։