Երեք տարի առաջ սպանված Յապոնչիկի  (Վյաչեսլավ Իվանկով) այրին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես դարձավ ազդեցիկ «քրեական արքայադուստր»: Նա պատմել է իր եւ Յապոնչիկի սիրո պատմությունը` բացահայտելով վերջինիս որոշ գաղտնիքներ. օրինակ այն, որ Յապոնչիկը  «գործընկերոջը» սպանել է այն բանի համար, որ վերջինս հասույթը կիսելիս փորձել էր թաքցնել թանկարժեք վզնոցը:

27-ամյա Նիկոլի հայրը «շատ ազդեցիկ մարդ է եղել», Իվանկովի հետ ընդհանուր գործեր է ունեցել: Վերջինիս աղջիկը ճանաչել է մանուկ հասակից: Նրանց սիրո պատմությունն սկսվել է ԱՄՆ-ից Յապոնչիկի վերադառնալուց հետո, որտեղ նա պատժաչափ էր կրում:

Նիկոլը հաստատել է հուլիսին կոմունիստ Բեսսոնովի հետ հանդիպման մասին լուրը, որին հայտնել էր, թե ում շահերն է ներկայացնում եւ առաջարկել էր համագործակցել` միավորվելով ընդդեմ Ռոստովի ոստիկանության: Բեսսոնովն ինքը չէր հերքել հանդիպման փաստը, բայց նշել էր, որ իր մոտ զանազան այցելուներ են գալիս:

Բեսսոնովի հետ զրույցում «քրեական արքայադուստրը» քննարկել էր Ռոստովի ոստիկանապետ Վյաչեսլավ Չուպրունովին հեռացնելու հարցը, որը գողական հավաքից անմիջապես հետո մահացու վթարի ենթակվեց:

Նիկոլը հարցազրույցում պատմել է, որ իր «մասնագիտությունն է մարդկանց օգնել համաձայնության գալ»: Նրա խոսքով` միջնորդի ծառայություններն այժմ պահանջված են:

«Օրինակ, ցանկանում եք ընդլայնել ոչ այնքան օրինական բիզնեսը եւ մտնել շրջաններ: Այնտեղ, բնականաբար, տեղի հանցախմբերից մրցակիցներ են լինում: Պաշտոնյաներն էլ իրենց հերթին գումար պոկելու հնարավորությունը բաց չեն թողնում... Պետք է պայմանավորվել»,  - հստակեցրել  նա` հավելելով, որ ինքն անձամբ մշտապես «ստանում է այն, ինչ ուզում է»:

Նիկոլը պատմել է նաեւ  «իր մասնագիտության» տեր մարդկանց «աշխատաոճի» փոփոխության մասին: «Սեփական գերեզման փորել տալն արդեն նորաձեւ չէ, այժմ նորաձեւ է սեփական պլաստիկ վիրաբույժ ունենալը, որ «վատ բան կատարվելու դեպքում վերականգնի մարդու աղճատված դեմքը»: «Այդ ժամանակ իրեն վատ դրսեւորողը ոչ միայն ավելի լավն է դառնում, այլեւ ավելի գեղեցիկ», - հեգնանքով հավելել է նա:

Բացի այդ, հաշվիչն ավելի «ակտիվ է աշխատում». «մարդիկ սկսել են լավ ապրել, եւ փող պոկելն ավելի արագ ու հեշտ է դարձել»: